Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը պաշտոնյաներին քննադատել է արտասահմանյան Google-ի, Yahoo-ի եւ WhatsApp-ի ծառայություններից օգտվելու համար եւ նահանգապետերից պահանջել է միջոցներ ձեռք առնել լուծելու այդ խնդիրը:
«Խաբարովսկի մարզի պետական իշխանության մարմինների աշխատակիցները օգտագործել են արտասահմանյան տեղեկատվա-հեռահաղորդակցական Google, Yahoo, WhatsApp եւ այլ ծառայությունների հնարավորությունները,-հայտարարել է նա Վալդիվոստոկում արտագնա խորհրդակցության ընթացքում: Դա համակարգային հարց է ամբողջ Ռուսաստանի համար, բայց հատկապես սուր է Հեռավոր Արեւելքում: Շրջանների ղեկավարներին խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցերին եւ համապատասխան միջոցներ ձեռք առնել»:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ պաշտոնյաների կողմից ծառայողական հարցերի լուծման համար արտասահմանում տեղակայված ռեսուրսների օգտագործումը լուրջ վտանգ է ներկայացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատրուշեւը հայտարարել է, որ «պետական իշխանության մարմինների տեղեկատվական համակարգերում նկատվել է արտասահմանյան տեխնիկական հետախուզությունների ծրագրային միջոցների առկայություն»:




























