Երեւանի թիվ 170 ավագ դպրոցը «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի շրջանակում համալրվել է դպրոցական նոր գույքով:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որն աշխատանքային այց էր կատարել այդ դպրոց, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ արվում է՝ երեխաների համար լավագույն պայմանները ստեղծելու համար:
«Այսօր մեկնարկում է նոր ծրագիր, որով փորձում ենք արձագանքել այն դժգոհությանը, որն առաջացել է հնամաշ աշակերտական գույքի հետ կապված: Այդ նպատակով փորձել ենք նախեւառաջ օգնել ավագ դպրոցներին, որտեղ գույքն ամենամաշվածն էր: Ներկայումս ՀԲ-ի աջակցությամբ գույք է ձեռք բերվել հանրապետության բոլոր ավագ դպրոցների համար: Քանի որ խնայողություն էր առաջացել գնումների գործընթացում, կկարողանանք գույք մատակարարել նաեւ այն միջնակարգ դպրոցներին, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 եւ ավելի է»,-նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ շուտով ՀԲ-ի միջոցներով նույն դպրոցներին կմատակարարվի նաեւ համակարգչային տեխնիկա:
«Համակարգչային սարքավորումներն այսօր անհրաժեշտ են ոչ միայն ինֆորմատիկա առարկայի համար. դրանք դարձել են ուսուցման միջավայր բոլոր առարկաների համար: Մենք ստեղծել ենք բավականին հարուստ էլեկտրոնային հայալեզու շտեմարան եւ այլ էլեկտրոնային ռեսուրսներ, որոնք հեշտացնում են ուսուցումն աշակերտների համար անգամ ամենաբարդ առարկաների գծով: Մենք նաեւ էլեկտրոնային նոր լաբորատորիաներ ենք ստեղծում ինչպես միջին, այնպես էլ ավագ դպրոցների համար` հիմնական բնագիտական առարկաների գծով: Իհարկե, դեռ կան բազում չլուծված խնդիրներ: Սակայն պետք է արձանագրել, որ, օրինակ, եթե 2005թ. աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունը կազմում էր 40/1, այսօր այն արդեն 17/1 է, որը, իհարկե, քիչ է, բայց մենք ձգտում ենք անել առավելագույնը»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող թվով 106 ավագ դպրոցներին մատակարարվել է դպրոցական կահույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 634,8 մլն.դրամ: Մասնավորապես, տրամադրվել է 11748 աշակերտական եւ 1768 ուսուցչական սեղան, 23496 աշակերտական եւ 2493 ուսուցչական աթոռ, ինչպես նաեւ 2048 գրապահարան:



























