ԱՄՆ կողմից ռուս խորհրդարանականների նկատմամբ վիզային սահմանափակումները կասկածի տակ են դնում այդ երկրի տարածքում միջազգային միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը։ Այս մասին ասված է ՌԴ խորհդրարանի վերին պալատի խոսնակի հայտարարության մեջ, որը տարածել է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ Մատվիենկոն համարում է, որ ԱՄՆ –ը խոչընդոտում է տեսակետների ազատ փոխանակմանը, բայց Ռուսաստանը բավարար հարթակներ ունի, ճշմարտությունը լսելի դարձնելու համար։
«ԱՄՆ-ը խոչընդոտում է տեսակետների ազատ փոխանակմանը ու չի ուզում (կամ գուցե վախենում է) լսել տեսակետներ, որոնք չեն համընկնում Վաշինգտոնի դիրքորոշումներին»,-նշել է Մատվիենկոն։
Դաշնության խորհրդի խոսնակը Ռուսաստանի սենատորների ԱՄՆ ուղեւորությունենրի ձախողման ամբողջ պատասխանատվությունը գցել է ամերիկյան իշխանությունների վրա։ «Նման թերի վիզային պայմանները ես չեմ կարող ընդունել, դրա համար էլ ռուսական պատվիրակության մասնակցությունը Խոսնակների համաշխարհային համաժողովին անհնար է դառնում» ասված է Մատվիենկոյի հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի Արտգործնախարարությունը հայտնել էր այն մասին, որ ՌԴ պատվիրակության այցը անհնար է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ –ը Դաշնության խորհրդի խոսնակին սահմանափակումներով վիզա է տրամադրել։





























