Յունիբանկը հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Այսօր ընկերության ներկայացուցիչները Յունիբանկին հանձնեցին ISO 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիր:

Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը եւս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության եւ տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ:

Ինչպես նշեց Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, ISO 27001:2013 ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում  բոլոր բիզնես գործընթացներում:  Այդ նպատակով բանկը ստեղծել է պահուստային տարածք եւ տեղեկատվական համակարգեր: «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա եւ ստեղծված է   տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման եւ բարելավման նպատակով: Այս ստանդարտն  ուղղված է տեղեկատվության  գաղտնիության  մակարդակի բարձրացմանը, ամբողջականության եւ հասանելիության ապահովմանը», - ընդգծեց Լ.Սիմոնյանը:

«Բյուրո Վերիտաս» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանի  խոսքով,  ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական ռիսկերը  Յունիբանկում  արդյունավետ կառավարվում եւ վերահսկվում են: «Ծրագիրը հաջողությամբ իրականացվեց եւ վստահ եմ, որ այն շարունակելու է արդյունավետ գործել հետագայում եւս:  Յունիբանկի հետ մեր հաջող համագործակցության հիմքում բանկի արհեստավարժ անձնակազմի հետեւողական աշխատանքն է: ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է  բանկի  հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի եւ բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման եւ վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին: Այն կնպաստի նաեւ արտաքին շուկայում բանկի միջազգային ճանաչման էլ ավելի բարձրացմանը», - նշեց  Ս. Բարաքիանը:

ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի: