Հանրապետությունում վերջին մի քանի տարիներին մանկական քաղցկեղի դեպքերը ոչ նվազել են, ոչ էլ ավելացել. թվերը գրեթե չեն փոխվում, դրանք ամեն տարի համարյա նույն են մնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեղեկություններ տրամադրեց Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կլինիկայի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը։
Նրա խոսքով, Հայաստանում մանկական քաղցկեղի դեպքերի աճ նկատելի է եղել սրանից երկու տասնամյակ առաջ. «Ես դա ասում եմ իմ կազմած գրաֆիկի տվյալների համաձայն։ Այսօր, սակայն, պատկերն այլ է»,- նշեց ուռուցքաբանը՝ միաժամանակ հավելելով, որ հանրապետությունում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք: «Մեզ գոնե այդքան պացիենտներ են դիմում։ Մարզերում իրականացվող հսկողության ոչ պատշաճ մակարդակի պատճառով, հնարավոր է, այդ թիվն ավելի մեծ է, սակայն մենք դրա մասին ոչինչ չգիտենք»,- հավելեց Գրիգոր Բադալյանը։
Հարցին, թե մանկական քաղցկեղի դեպքեր ավելի շատ արակա՞ն, թե իգական սեռի երեխաների մոտ են հանդիպում, նա պատասխանեց, որ տոկոսային հարաբերակցությունը գրեթե նունն է. «Մանկական տարիքում թվերի տարբերությունն աննշան է, գրեթե հավասար»,- նշեց դոկտոր-պրոֆեսորը՝ հավելելով, որ իրենց մոտ բուժվում են 0-16 տարեկան բազմաթիվ երեխաներ։
«Ասում եմ 0-ից, որովհետեւ օրեր առաջ 20 օրական մի երեխայի վիրահատեցինք. նրա մոտ լյարդի ուռուցք էր հայտնաբերվել»,- տեղեկացրեց Գրիգոր Բադալյանը՝ նշելով, որ երեխաների մոտ քաղցկեղը կարող է զարգանալ անգամ սաղմնային փուլում։ «Գենետիկան թեեւ այստեղ կարեւոր դեր ունի, սակայն ուռուցքները ժառանգաբար չեն փոխանցվում։ Ժառանգաբար փոխանցվում է միայն աչքի քաղցկեղը։ Ավելի կարեւոր են ծնողների վատ սովորությունները՝ խմելը, ծխելը, ինչպես նաեւ ճառագայթումը, սնունդը, քիմիական եւ ֆիզիակական բացասական ազդեցությունները»,- տեղեկացրեց բժիշկը։ Նա, սակայն, դժվարացավ նշել մանկական քաղցկեղի առաջացման հիմանական պատճառները՝ դա բացատրելով նրանով, որ եթե մեծահասակների մոտ ուռուցքների պատճառ կարող են դառնալ նախաքաղցկեղային հիվանդությունները՝ ստամոքսի խոց, կանանց մոտ՝ արգանդի վզիկի էրոզիաներ կամ կրծքագեղձի հիվանդություններ, ապա երեխաների մոտ, որպես կանոն, նախաքաղցկեղային հիվանդություններ չեն հայտնաբերվում. «Հենց սա էլ դժվարացնում է մանկական քաղցկեղի առաջացման իրական պատճառների որոշման եւ հայտնաբերման հարցը։ Դա տեսականորեն գրեթե անհնարին է»,- հավելեց Գրիգոր Բադալյանը։
Նրա հավաստմամբ, 10 տարիների կտրվածքով քաղցկեղով հիվանդների մոտ 65 տոկոսը շարւնակում է ապրել: «Եթե բուժումից հետո երեխաների մոտ չարորակ ուռուցքը չի կրկնվում 3 տարի, ապա կարելի է համարել, որ հիվանդը բուժված է։ Ինչ վերաբերում է այս տարի գրանցված մահացությունների դեպքերին, ապա դրանք չեն անցնում 10-ից»,- հավաստիացրեց դոկտոր-պրոֆեսորը։
Վերջում նա փաստեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացության դեպքերը գնալով ավելի ու ավելի են շատանում։



























