Ծաղկաձորում առաջին անգամ մեկնարկել է արտագնա IT ակումբի # 20-րդ հանդիպումը, որն իր շուրջն է հավաքել տեղեկատվական- հեռահաղորդակցական ոլորտով հետաքրքրվող ուսանողների, ՏՏ մասնագետների եւ տարբեր ընկերությունների ղեկավարների:

IT ակումբի նպատակը հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստելն է: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց IT ակումբի հիմնադիրներից Արման Աթոյանը:

«IT ակումբն իր շուրջն է հավաքում տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց եւ միասին փորձում ենք քննարկել ՏՏ ոլորտի խնդիրները: Այս անգամ արտագնա հանդիպման քննարկման հիմնական առանցքում է նորաստեղծ (start-up) ընկերությունների ստեղծման խնդիրները»,- ասաց Աթոյանը:  

«Մեր երիտասարդության մեջ իրականում վախ կա ձեռներեցության նկատմամբ: Վախեր ունեն հարկայինի հետ հարաբերություններից, վախենում են տնտեսական դաշտի հետ հարաբերություններից: Երիտասարդները հիմնականում այն կարծիքին են, որ մինչեւ հովանավոր չունենան Հայաստանում հնարավոր չէ գործունեություն ծավալել»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը` նշելով, սակայն, որ վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծվել են մի քանի նորաստեղծ ընկերություններ, որոնք լավ օրինակ կարող են դառնալ շատ երիտասարդների համար, որտեղ աշխատում են մինչեւ 26 տարեկան երիտասարդներ: «Առաջին կարեւոր գործոնը հավատալն է, որ հնարավոր է ստեղծել կազմակերպություն եւ գործունեություն ծավալել հայաստանյան այսօրվա տնտեսական միջավայրում»,- ասաց Ա. Աբրահամյանը` ավելացնելով, որ ծաղկաձորյան հանդիպումը կարեւոր է հատկապես նման երիտասարդների համար, ովքեր կարող են անմիջապես հարցեր ուղղել հայաստանյան ՏՏ ընկերությունների ղեկավարներին եւ նրանց փորձից շատ օգտակար դասեր քաղել:

«Մենք ունենք միջազգային կարգի փայլուն մասնագետներ ե’ւ վաճառքի կազմակերպման, ե’ւ մասնագիտական աշխատանքների կազմակերպման առումով, ինչպես նաեւ ոչ միայն հիանալի ձեռներեցներ, այլեւ բարձրակարգ մենեջերներ»,- ամփոփեց Աբրահամյանը:  

Տեղեկացնենք, որ IT ակումբի 20-րդ արտագնա ծաղկաձորյան միջոցառումը ֆինանսավորել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը:

Նշենք, որ IT ակումբը ստեղծվել է 2009 թվականի օգոստոսին, այն այժմ ունի 100 եւ ավելի անդամ, որոնց թվում են` տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ եւ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: