Լոռու մարզի Ճոճկան գյուղում «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային պատկանող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» խորհրդային տարիներից ժառանգություն մնացած պոչամբարի վերաշահագործումն անօրինական է, քանի որ նախապես դրա մասին չի տեղեկացվել եւ հանրային քննարկումներ, թեկուզ Ճոճկանի համայնքի մակարդակով, չի կազմակերպվել: Նման տեսակետ հայտնեց «Էկոլուր» գործակալության տնօրեն, բնապահպան Ինգա Զառաֆյանը:
«Պոչամբարը վտանգավոր է շրջակա միջավայրի եւ գյուղի բնակիչների համար։ Բնապահպաններն ահազանգում են, որ այստեղ երկար տարիներ ռեկուլտիվացիա չի կատարվել։ Պոչանքները հեղուկ վիճակում են եւ անդունդի եզրին գտնվող պոչամբարից հոսում են դեպի ձորը, որտեղով անցնում է Դեբեդ գետը։ Եվ եթե պոչամբարը փլուզվեց այն ամբողջությամբ կլցվի գետը, որով ոռոգվում են բազմաթիվ հողատարածքներ, ինչպես նաեւ կփակվի երկաթգծի ճանապարհը»,- ասաց Զառաֆյանը:
Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը, սակայն, պոչամբարի վտանգավորության մասին հստակ ոչինչ չասաց, միայն նշեց, որ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգութայն կոմիտեից 2 ամիս առաջ եկել, ուսումնասիրություն են անցկացրել ու ասել, որ ճառագայթման վտանգ չկա։
Գյուղում կան հողակտորներ, որոնք գտնվում են պոչամբարից ներքեւ եւ ոռոգվում են պոչամբարի միջով անցնող ջրով, սամվել Գիգոլյանի հավաստմամբ, այդ տարածքներն անօգտագործելի են։
«Հայէկոմոնիտորինգի» տնօրեն Սեյրան Մինասյանի խոսքով, պոչամբարը շահագործելի վիճակի բերելու համար 20 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ:
«Ճոճկանի պոչամբարի դրենաժային համակարգը շարքից դուրս է եկել: Այնտեղ անընդհատ հեղուկացման գործընթաց է ընթանում եւ ողջ զանգվածը, որն իրենից ներկայացնում է աղացած փոշի, դառնում է մածուցիկ եւ ցանկացած պահի կարող է հոսել եւ փակել ճանապարհը»,-ասաց Մինասյանը: Նրա կարծիքով, սակայն, եթե պոչամբարը սկսվի շահագործվել ճիշտ ինժեներական լուծումներով, ապա այն այդ գոտու համար ամենալավ լուծումը կլինի:
«Այն, որ մենք պետք է ունենանք հանքարդյունաբերություն, ակնհայտ է: այն, որ պետք է ունենանք պոչամբարներ` եւս ակնհայտ է: Խնդիրն այն է, թե ի՞նչ որակով ենք դա անում»,-նշեց «Հայէկոմոնիտորինգի» ղեկավարը:
Հետաքրքրական է, որ մասնագետներն իրենք էլ չգիտեն, թե ո՞վ պետք է վերահսկի պոչմաբարի վերաշահագործման գործընթացը:
Նշենք, որ Ճոճկան կատարած մեր այցելության ժամանակ պոչամբարում արդեն սկսվել էին շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ մինչ վերջերս «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային պատկանող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» պնդում էր, թե Ճոճկան եւ Այրում գյուղերի արանքում ընկած պոչամբարը, որտեղ թաղված են 22 խմ թունավոր նյութեր, իրենց չի պատկանում։




























