Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ, Հայաստանի հարավային Կապան քաղաքի 10-16 տարեկան դպրոցականները Microsoft KoDu ծրագրավորման լեզվով համակարգչային խաղեր գրելու դասընթացներ կանցնեն:
«Տեխնոլոգիական դպրոց» ծրագրին կաջակցի նաեւ Cronimet բարեգործական հիմնադրամը:
Երեխաները թիմեր կկազմեն եւ համատեղ ջանքերով նոր խաղեր կստեղծեն, որոնք հետո կներկայացնեն իրենց ուսուցիչներին:
Դասընթացները կանցկացվեն Կապանի բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայում (Mlab Kapan), որը նույնպես ստեղծել է EIF-ը: Ավելի վաղ այդպիսի լաբորատորիաներ բացվել են նաեւ Գյումրիում եւ Վանաձորում: Այստեղ արդեն շուրջ 620 աշակերտ սովորում է KoDu ծրագրավորման լեզու:
Cronimet հիմնադրամը ստեղծել է համանույն գերմանական ընկերությունը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 51%-ի սեփականատերն է:




























