Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծը քաղաքական պատվեր չէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, կան արդեն ձերբակալվածներ։ Ամեն ինչ հստակ կներկայացվի նախաքննությունից հետո։ Մի բան փաստ է, որ որեւէ քաղաքական պատվեր չի եղել, եւ իրականությունից հազարավոր կլիոմետրերով հեռու է այս ամենում քաղաքական երանգ տեսնելը»,- ասաց Շարմազանովը՝ առողջություն մաղթելով ազատամարտիկին։
Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Գործով կա երեք ձերբակալվբած։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:




























