Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից առաջ հարկ է եղել բրիտանացի երգիչ սըր Էլթոն Ջոնին համոզել, որ նրա հետ հենց Ռուսաստանի ղեկավարն է խոսելու: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Գիտեք՝ որոշ ժամանակ նա դեռ կասկածում էր»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ հեռախոսազրույցի նախաձեռնության մասին փոխանցվել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի միջոցով: ՊԵսկովի խոսքով, դեսպանը «նախ որոշակի դժվարություններ է ունեցել՝ բացատրելու համար, որ ինքն իսկապես Ռուսաստանի դեսպանն է, եւ որ նա խոսելու է մեր երկրի իսկական նախագահի հետ»:

Ավելի վաղ Պեսկովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Էլթոն Ջոնի հետ:

Սեպտեմբերի 16-ին Վլադիմիր Կրասնովը, որն առավել հայտնի է որպես պրանկեր Վովան, խոստովանել է, որ Պուտինի անունից հեռախոսով զրուցել է Էլթոն Ջոնի հետ: Ընդ որում, նա նշել է, որ միայնակ չի գործել, այլ գործընկերոջ՝ Ալեքսեյ Ստոլյարովի հետ, որը հայտնի է Լեքսուս կեղծանվամբ: Էլթոն Ջոնի հետ զրույցի համար Լեքսուսը ներողություն է խնդրել Դմիտրի Պեսկովից:

Էլթոն Ջոնը, սակայն նշել է, որ չի նեղացել պրանկերներից եւ սպասում է Պուտինի հետ հանդիպմանը: