Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում ունեցող պատմական ելույթում ամերիկյան օրենսդիրներին կոչ է արել «սրտերը բացել» միգրանտների նոր սերնդի առջեւ:

Առաջին անգամ ելույթ ունենալով Կոնգրեսում՝ Պապը կոչ է արել հրաժարվել քաղաքականությունում աճող այլատյացության միտումներից: «Վերջին դարերի ընթացքում միլիոնավոր մարդիկ են ժամանել այս երկիր իրենց երազանքի հետեւից՝ ազատ ապագա կառուցելու համար: Մենք՝ այս մայրցամաքի մարդիկ, չենք վախենում օտարերկրացիներից, քանի որ մեզանից շատերն էլ օտարերկրացի են եղել: Ես դա ասում եմ որպես ներգաղթյալների որդի՝ իմանալով, որ ձեզանից շատերն էլ ներգաղթյալների ժառանգներ են»,- ասել է Արգենտինայի իտալական ընտանիքում ծնված Հռոմի Պապը:

Ըստ The Guardian-ի, Հռոմի Պապն ասել է, որ պետք չէ անհանգստանալ նրանց թվի համար, այլ նրանց դիտարկել որպես անհատականություն, նայել նրանց դեմքին եւ լսել նրանց պատմությունները՝ փորձելով լավագույնս կարգավորել իրավիճակը: «Մենք պետք է հիշենք «Ոսկե կանոնը». «Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն»,- ընդգծել է Ֆրանցիսկոս առաջինը: