Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Միացյալ ազգերի կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի ժամանակ օրհնել է ՄԱԿ-ի աշխատակիցներին ու խնդրել է աղոթել իր համար, իսկ անհավատներին կոչ է արել պարզապես իրեն ամենայն բարիք մաղթել:

Ուրբաթ Հռոմի պապը ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպել է կազմակերպության շտաբ բնակարանում: Հռոմի պապին քարտուղարության շենքում դիմավորում էին «Պապ, մենք սիրում ենք քեզ» ոգեւորված բացականչություններով:

Ներկայացնելով համաշխարհային կազմակերպության աշխատակիցներին՝ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նրանց անվանել է «մեր աշխատանքի սիրտն ու հոգին»: ՄԱԿ-ի անձնակազմը, նրա խոսքով, «ինքնամոռաց աշխատում է օրուգիշեր»: Նա շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ասելով «շնորհակալություն» ՝ ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հռոմի պապը նշել է, որ ՄԱԿ-ն այսօր աշխատում է «ոչ միայն հանուն խաղաղության, այլեւ խաղաղ, ոչ միայն հանուն արդարության, այլեւ արդարության ոգով»: «Այսօր ու ամեն օր ես ուզում եմ խնդրել ձեզանից յուրաքանչյուրին հոգ տանել իրար մասին, լինել իրար ավելի մտերիմ, հարգել իրար: Թանկագին ընկերներ, սրտանց օրհնում եմ ձեզանից յուրաքանչյուրին: Ես կաղոթեմ ձեր ու ձեր ընտանիքների համար: Ես ձեզանից յուրաքանչյուրին խնդրում եմ հիշեք ու աղոթեք իմ մասին: Եթե ձեզանից ինչ -որ մեկը չի հավատում, թող ամենայն բարիք մաղթի ինձ»: