Ադրբեջանում ռուսական ռազմաբազա ստեղծելու մասին գերմանական մամուլում շրջանառվող տեղեկությունը սադրիչ բնույթ է կրում։ Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Այդին Միրզազադեն։

«Այդ լուրերն անհիմն են, որովհետեւ, Ադրբեջանի ռազմական ուսմունքի համաձայն, երկրում չեն կարող այլ պետությունների ռազմաբազաներ բացվել»,- ասել է նա։ Միրզազադեի խոսքով՝ նման ապատեղեկատվության նպատակը Եվրոպայում տարվող հակաադրբեջանական քարոզարշավի շրջանակներում Ադրբեջանի եւ հարեւանների հարաբերությունները փչացնելն է։ Նրա կարծիքով նման տեղեկություններով փորձ է արվում փչացնել երկու երկրների հարաբերությունները, լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել ղարաբաղյան հակամարտության լուծման համար եւ Ադրբեջանին ստիպել չմտածված քայլեր անել։

Նշենք, որ Deutche Welle-ն ավելի վաղ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին խոստանալ տարածնքեր վերադարձնել նրա տարածքում բազա բացելու փոխարեն։