Սեւանա լճում այսօր՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան նավակի կողաշրջվելուց հետո փրկված Հրաչ Մանուչարյանը ափ է հասել լողալով եւ միայն հասնելուց հետո է հասկացել, որ երկու ընկերներն իր հետ չեն: Այս մասին նա պատմել է լճի ափի մոտ հավաքվածներին:
«Ասում ա՝ չպատկերացրի՝ ինչ կատարվեց, տղերքն ասին՝ ոնց որ շրջում են նավակը, հետո հիշում եմ, որ դրսում էինք, Դավիթն ասեց՝ հանենք շորերը, որ լողանք, հասնենք ափ, հետո լողացինք, ես հասա ափ, նոր հետ նայեցի, տեսա՝ իրանք չկան»,- NEWS.am-ին պատմեց Հայրավանքի գյուղապետի տեղակալ Սեւան Բադոյանը, որի համագյուղացին է նավակում եղած երիտասարդներից 32-ամյա Դավիթ Վիրաբյանը:
Սեւան Բադոյանը տեղեկացրեց, որ Դավիթ Վիրաբյանն ամուսնացած է, ունի մեկ դուստր ու մեկ որդի:
Այս պահին որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Հայրավանք գյուղի մոտակայքում: Կորած մյուս երիտասարդը Երեւանից է: Նրանք լիճ էին դուրս եկել փոքր նավակով, ձկնորսության նպատակով:




























