Apple ընկերությունը iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի վաճառքի առաջին 3 օրերին վաճառել է ավելի քան 13 մլն սմարթֆոն, ինչը ընկերության համար ռեկորդային ցուցանիշ է, ասված է Apple-ի մամուլի հաղորդագրության մեջ։

iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի վաճառքը ուրբաթ մեկնարկել էր ԱՄՆ-ում , Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Պուերտո Ռիկայում եւ Սինգապուրում։

«iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի վաճառքը ֆենոմենալ մեկնարկ ունեցավ՝ գերազանցելով Apple-ի պատմության մեջ վաճառքի այլ ցուցանիշները»,- ասված է Թիմ Քուքի ղեկավարած ընկերության հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ մինչեւ տարվա վերջ iPhone 6s-ը եւ iPhone 6s Plus-ը հասանելի կլինեն աշխարհի ավելի քան 130 երկրներում։