Սեպտեմբերի 29-ին Երեւանում նշվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կազմավորման 66-րդ տարեդարձ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգայի ժողովի պատգամավորներ, այլ հյուրեր:
Ողջույնի խոսքում Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը նշեց, որ 2015 թվականը հատուկ տարի էր Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունների խորացման տեսանկյունից: Դեսպանը հիշեցրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան կատարած այցը: «Չինաստանը մեծությամբ Հայաստանի առեւտրային երկրորդ գործընկերն է, եւ ներկայում երկրները ջանքեր են գործադրում՝ երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած համաձայնությունները կյանքի կոչելու համար»,- հայտարարեց դեսպանը:
Նրա խոսքով, ներկայում Չինաստանի կառավարությունն աշխատում է Մետաքսե ճանապարհի լայնածավալ նախագծի ուղղությամբ: «Վստահ եմ, որ այդ նախագիծը պատմական նոր հնարավորություններ կբացի Չինաստանի եւ Հայաստանի միջեւ համակողմանի համագործակցության համար»,- հավելեց դեսպանը:
Տյան Էրլունը նաեւ նշեց, որ իր երկիրը հիշում է խորհրդային բանակի կազմում Չինաստանի հյուսիս-արեւելքում ֆաշիզմի դեմ պայքարին հազարավոր հայ զինվորների մասնակցության մասին:




























