«Պետք է սթափ գնահատել իրավիճակը, ոչ թե հուզականության վրա հիմնվելով, հայտարարել` պետք չէ գնալ: Խնդիրը դրված չէ գնալ-չգնալու մեջ»,- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին տեղի ունենալիք պատարագին հայաստանցիների մասնակցության նպատակահարմարության մասին նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Կարծում եմ` պետք է լինի գնալու ու չգնալու համատեղված տարբերակը»: Այսինքն` Հայաստանը այնտեղ պետք է ներկայանա ոչ բարձրաստիճան մակարդակով, որպեսզի թուրքերը այն տպավորությունը չունենան, թե հայկական կողմը պատրաստ է իրենց ցանկացած քարոզչությանը բարձր արձագանքել, ջուր լցնել իրենց ջրաղացին, այսինքն` պետք է ցույց տանք, որ մենք հասկացել ենք, որ դա ընդամենը քարոզչական ակցիա է:
Պետք է Աղթամար գնա այնպիսի անձ, որ կարողանա իր գնալով ու հայտարարություններով ազդանշան տալ թուրքական կողմին, որ սա ձեր մշակութային ժառանգությունը չէ, այլ մերն է, մենք մեր ժառանգության տերն ենք: Իսկ այդպիսի անձնավորություն, կարծում եմ, ոչ բարձրաստիճան հոգեւորականն է»,- նշել է Հ.Դեմոյանը:



























