Գրեթե բոլոր գյուղմթերքների, այդ թվում՝ կարտոֆիլի գինն այս տարի բարձր է շուրջ 50 տոկոսով, որի պատճառը ոչ միայն շուկայական հարաբերություններն են, այլ նաեւ բնակլիմայական անբարենպաստ պայմանները։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով, հատկապես կարտոֆիլի բարձր գներին՝ նա հայտարարեց, որ դա «բնական շուկայական հարաբերությունների արդյունք է»: Իր հայտնած այս միտքը պատգամավորը, սակայն, մեկ-երկու րոպե անց ժխտեց, նշելով. «Գյուղատնտեսության մեջ հարաբերությունները տարերային են, այլ ոչ` շուկայական»: Նա համոզմունք հայտնեց, որ ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսությունը վերցնել պետական հսկողության ներքո։ «Օրինակ, պետությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ գյուղացին ստիպված չլինի այգիների եւ մրգերի մշակության համար նախատեսված Արարատյան դաշտավայրում ցորեն ցանել»,- նշեց նա։
Կրկին վերադառնալով կարտոֆիլի՝ այս տարի շուկայում արձանագրված բարձր գներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ թեեւ ինքը դրա կոնկրետ պատճառները չգիտի, այնուամենայիվ, կարծում է, որ կարտոֆիլի բարձր գինը պայմանավորված է բերքի պակասով։ «Կարտոֆիլի մշակությունը գյուղացու համար շահութաբեր գործ չէ, եւ հնարավոր է, որ այս տարի քիչ կարտոֆիլ է ցանվել։ Սակայն ինչ էլ լինի, այս խնդրի մասին ավելի շուտ պետք է մտածեր պետությունը, որը բերքի գնաճը վերահսկելու համար պետք է ունենար եւ շուկա հաներ իր կողմից մթերված կարտոֆիլի պաշարները»,- ընդգծեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ կառավարությունը ներկայումս անում է ամեն բան՝ հացահատիկի ներկրելու ուղղությամբ` որպեսզիի գնաճը զսպի գոնե հացահատիկի մասով։ «Պատգամավորները եւ կառավարությունը տեղյակ են բոլոր այս խնդիրներին, ինչպես նաեւ փաստին, որ տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր»,- ամփոփեց պատգամավորը։



























