Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի նախօրեին արած հայտարարությունը, ըստ որի՝ 2010 թ. առաջին 7 ամիսներին «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստան է ներմուծվել 44 հազ. ավտոմեքենա, կարելի է իսկական սենսացիոն բացահայտում համարել։ Բանն այն է, որ այդ նույն ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն՝ 2010 թ. առաջին կիսամյակում Հայաստան օրինականորեն ներմուծվել է ընդամենը 8100 ավտոմեքանա։ Ստացվում է, որ Հայաստան ներմուծվող յուրաքանչյուր 5 մեքենայից 4-ը գրանցված է «ժամանակավոր ներմուծում» ռեժիմում, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հարկերից։ Ավելին՝ Ա. Ալավերդյանի տեղեկացմամբ՝ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ներմուծված մեքենաների զգալի մասը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, որոնք այնուհետեւ մի քանի անգամ երկարաձգում են ռեժիմի ժամկետը։ Այսինքն՝ առկա են բացահայտ կոռուպցիոն նշաններ։ Նույնիսկ Հայաստանի նման երկրներում սա ստվերայնության չափազանց բարձր տոկոս է։

Նշենք, որ ըստ Մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի՝  «ժամանակավոր ռեժիմում» ապրանքները կարող են ձեւակերպվել առավելագույնը 1 տարի ժամկետով, իսկ երկարաձգվել կարող են միայն ֆինանսական վարձակալության տրվելու դեպքում։ Այն, որ նման սահմանափակման պայմաններում ՀՀ քաղաքացիները կարողանում անարգել երկարաձգել մաքսային ձեւակերպման ժամկետը, առնվազն տարակուսանք է առաջացնում։

Պատճառներից մեկը, որ քաղաքացիների զգալի մասին ստիպում է օրենքում սողանցքներ որոնել՝ բարձր հարկերն են։ Ներմուծված ավտոմեքենայի համար հարկավոր է վճարել մաքսային արժեքի 32 տոկոսը, որտեղ 20 տոկոսը ավելացված արժեքի հարկն է, 10 տոկոսը՝ մաքսատուրքը, իսկ 2 տոկոսը՝ մաքսային վճարը։ Բացի այդ՝ օգտագործված մեքենաներ ներմուծելու դեպքում հարկավոր է նաեւ բնապահպանական վճար մուծել։ Լուրջ հարց է նաեւ մաքսային արժեքի որոշումը։ Նախկինում մաքսային ծառայությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում էր ներմուծվող մեքենաների կողմնորոշիչ գները, սակայն մոտ 1 տարի է՝ այդ հրապարակումը կայքից հանվել է։ ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ մեքենայի արժեքի որոշումը չափից ավելի անհատական հաշվարկ է, ուստի ընդհանրացված գներ սահմանելը ճիշտ չէ։ Սակայն գործարարներն էլ բողոքում են, որ մաքսատանը հաշվի չեն առնում ինվոյսները, սահմանվում են այնպիսի մաքսային արժեքներ, որոնք բարձր են նույնիսկ արտադրող գործարանի մեծածախ գնից։

Սամվել Ավագյան