Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով այսօր՝ հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանի հրապարակած վճիռը:

Պարոն Կոստանյան, ՄԻԵԴ–ը փաստորեն բավարարեց հայկական կողմի պահանջը եւ որոշման տեքստից հանեց Ցեղապանության եղելությունը կասկածի տակ դնող գնահատականները։  Հայկական կողմից տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը, կարելի՞ է սա հաղթանակ համարել։

Ես կարծում եմ՝ այլ կերպ չի կարելի համարել, որովհետեւ այն բոլոր պահանջները, որոնք Հայաստանի կառավարությունը ներկայացրել էր Եվրոպական դատարանին, այն պատճառը, որով Հայաստանի կառավարությունը ներգրավվել էր այս գործընթացում, ամբողջությամբ չեզոքացված է վճռում: Դրա համար այլ կերպ համարելը մի քիչ դժվար կլինի:

Այսինքն, կարելի՞ է ասել, որ Հայաստանի կառավարությունը հասել է իր նպատակին։

Մեր հիմնական նպատակն էր, որ մենք պնդում էինք՝ դատարան, դու չես այն սուբյեկտը, որը պիտի որոշի Ցեղասպանության փաստը, եւ մենք այս նպատակին հասել ենք: Այս նպատակով էինք մենք մտել Եվրոպական դատարանի այս գործընթացի մեջ, որեւէ այլ նպատակ, որեւէ այլ ակնկալիք չունենք եւ չենք էլ ունեցել: Մեր միակ ակնկալիքն այն էր, որ Եվրոպական դատարանի վճռում չլինեին այնպիսի ձեւակերպումներ, որոնք որեւէ կերպ կարող էին կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը:

Հաշվի առնելով, որ հայկական կողմը ներգրավել էր հեղինակավոր փաստաբանների՝ Ջեֆրի Ռոբերտսոն, Ամալ Ռամզի Կլունի, Թոբի Քոլիս, Ձեզ համար սպասելի՞ էր այս որոշումը:

Դատարանն իր վճռում նշել է, որ ինքը չէ այն սուբյեկտը, որ կարող է որոշում կայացնել։ Այս տեսակետից կարող ենք արձանագրել նաեւ, որ մենք ունենք դատական ակտ, որն ավելին է, քան մեր ակնկալիքները: Ասեմ`ինչու:

Դատարանը խոսել է ոչ միայն այն մասին, որ ինքը մանդատ չունի Ցեղասպանության հարց քննարկելու, այլեւ շատ կարեւոր հանգամանքներ եւս սահմանել է, ինչի ակնկալիքը մենք չէինք ունեցել։ Առաջինը` Եվրոպական դատարանը սահմանեց, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելը, ըստ էության, օրինաչափ գործընթաց է, բայց միաժամանակ նշեց, որ քրեական պատասխանատվության ենթարկելը պետք է լինի Կոնվենցիային համապատասխան:

Երկրորդը` դատարանը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերը, հայ ժողովուրդը, հայ համայնքի անդամներն իրավունք ունեն իրենց իրավունքները պաշտպանել Եվրոպական կոնվենցիայի ուժով: Այսինքն, սրանով հիմք ստեղծվեց Հայոց ցեղասպանություն ապրած ցանկացած հայի համար դիմել Եվրոպական դատարան՝ իր ընտանիքի, նախնիների իրավունքների պաշտպանության առումով:

Այսինքն, այս որոշումը կարելի՞ է ինչ–որ առումով նախադեպային համարել` աշխարհում Ցեղասպանության ժխտման դեմ հետագա պայքարի համար:

Եվրոպական դատարանը սահմանեց, որ Ցեղասպանության հերքման քրեականացումն օրինաչափ փաստ է, այսինքն սա պետք է շարունակել: Մտավախություն կար եւ մենք կարող էինք համարել, որ լուրջ խնդիր ունենք, եթե Եվրոպական դատարանը սահմաներ, որ օրինակ, Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելը Կոնվենցիային հակասում է: Սակայն նման բան չեղավ: Այսինքն, Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու առումով սա դասական հիմք է:

Հրապարակված վճռից հետո ընթացակարգային հետագա ի՞նչ քայլեր են նախատեսվում:

Այս գործով հետագա քայլ առնվազն Հայաստանը չունի: Մենք՝ որպես կառավարություն, պետություն, որեւէ պարտավորություն չունենք: Ընթացակարգայինը վերաբերում է բացառապես Շվեյցարիային: Այստեղ շատ կարեւոր է, որ մենք քննարկենք նաեւ հետեւյալը. դատարանը համարեց, որ խախտվել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Սա շատ կարեւոր է հետեւյալ առումով. առաջին հայացքից կարող են ասել՝ Փերինչեքը հաղթեց, սակայն իրականում տեսեք՝ ինչ տեղի ունեցավ: Եվրոպական դատարանն ընդամենը սահմանեց, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվությունը պետք է լինի, ուղղակի Շվեյցարիայի իրավապահ մարմինները, կառավարությունը Փերինչեքին չի ենթարկել պատասխանատվության Կոնվենցիայով սահմանված կարգով: Այսինքն, եթե Փերինչեքը պատասխատավության ենթարկվեր այլ կարգով, այսօր կունենայինք այլ վճիռ:

Ստացվում է, որ , չնայած ՄԻԵԴԸ մերժեց Շվեյցարիայի  հայցը, սակայն Շվեյցարիայի կառավարության համար նո՞ւյնպես այս որոշման մեջ դրական կողմեր կան։

Մեր շվեյցարիացի գործընկերները մտավախություն ունեին, որն այսօր այլեւս չունեն։ Նրանք կարծում էին, որ Եվրոպական դատարանը Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին Շվեյցարիայի օրենքը կհամարի Կոնվենցիային հակասող, ինչը պարտավորություն կստեղծեր օրենքը փոխել: Բայց այսօր այդ պարտավորության առջեւ կանգնած չեն այլեւս: Եվրոպական դատարանն իրենց օրենքը չճանաչեց հակասող, այսինքն ճանաչեց Կոնվենցիային համապատասխան: Հետեւաբար, շվեյցարական իշխանություններն օրենսդրություն փոխելու որեւէ անհրաժեշտություն չունեն: