Ռուսաստանի տարածքում երկաթգծով շրջելն ավելի ապահով է հայ ուղեւորների համար, քան մեքենայով գնալը:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  «Հարավ-Կովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:  

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 6-ից ՀԿԵՈՒ-ն սկսել է Երեւանի կայարանում ՌԵՈՒ-ի տոմսեր վաճառել:  «Գիտեք, թե ինչ շատ մարդ է այստեղից Ռուսաստան գնում-գալիս ավտոմեքենայով եւ երթուղային տաքսիներով: Այժմ նրանք կկարողանան հասնել մոտակա կայարաններ՝ Կրասնոդար կամ Մինվոդի, իսկ հետո գնացքով գնալ թեկուզ մինչեւ Վլադիվոստոկ:  Դա ոչ միայն ավելի հարմարավետ է, այլեւ՝ անվտանգ:   Որովհետեւ ճանապարհների վիճակագրությունը ոչ միշտ է հուսադրող: Ավտոտրանսպորտի համեմատ գնային տարբերություն իհարկե կա, բայց շատ մեծ չէ: Իսկ եթե համեմատենք ուղեւորության տեւողությունը, օրինակ՝ Մոսկվա գնալու համար, համարյա նույնն է», - նշել է Մովսիսյանը: 

ՀԿԵՈՒ-ն, որը ՌԵՈՒ-ի դուստր ձեռնարկությունն է, 2008-ից Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարում է իրականացնում  30 տարի ժամկետով եւ 10 տարով երկարաձգելու իրավունքով: