Տիգրանակերտի հնագիտական  հետազոտությունը հայ մշակութային ժառանգության հայտնաբերման, հետազոտության, հանրահռչակման եւ այն ներկա մշակութային գործընթացի մաս դարձնելու վերջին տարիների ամենահաջող ձեռնարկն է: Դրան նպաստում են ծավալուն պեղումները, հուշարձանի լրացուցիչ մաքրումներն ու լանդշաֆտային տեսքի պահպանումը, հանրահռչակմանն ուղղված ամբողջական քաղաքականությունը` հրատարակություններ, ինտերնետային կայքի ստեղծում, պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներ եւ, ի վերջո, Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ստեղծում հենց հուշարձանի տարածքում (ֆոտոռեպորտաժ): Արդյունքում Տիգրանակերտն այսօր ամենաշատ այցելվող, ինտերնետում լայնորեն ու մանրամասնորեն ներկայացված, հանրությանն առավել քաջածանոթ հուշարձանն է Արցախում: Միայն վերջին տարում Տիգրանակերտի մասին երեք փաստա-վավերագրական ֆիլմեր են ստեղծվել: Ընթացքի մեջ են եւս երկուսը: Կարելի է հավաստել, որ Տիգրանակերտն Արցախում օր օրի թափ առնող մշակութային քաղաքականության հիմքերից մեկն է:

Տիգրանակերտի 2010թ. պեղումներն սկսվել են հունիսի կեսերին եւ ավարտվել օգոստոսի վերջերին: Այն իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը` ղեկավարությամբ պատ. գիտ. դոկտոր, Երեւանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Լ. Պետրոսյանի: 

Պեղումների ֆինանսավորումն իրականացնում են  ԼՂՀ իշխանությունները: Կազմակերպական աշխատանքները կոորդինացնում են ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունն ու «Տիգրանակերտի արգելոց» ՊՈԱԿ-ը:  

Պեղումներն ընթացել են Միջնաբերդում, Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի տարածքում, Կենտրոնական թաղամասում (բազիլիկ տաճարի տարածք): Հետախուզական պեղումներ են կատարվել քաղաքի եւ նրա մերձակայքի մի քանի կետերում:

Միջնաբերդի տարածքում շարունակվում են միջնադարյան բնակելի համալիրների եւ անտիկ կառույցների մնացորդների պեղումները: Միջնադարյան աշխույժ կյանքը, որի վկայություններն են բազմաթիվ թոնիրները, կավե զանազան հարթակները, հասարակ ու ջնարակապատ խեցեղենը, հայտնի չափով ավերել են անտիկ կառույցները, որոնց մնացորդները երեւան են գալիս առավելապես ժայռափոր հարթակների, առվակների եւ պատերի հիմքերի տեսքով: Հատուկ նշելի են գունազարդ խեցեղենի, սկյութական տիպի արդեն երրորդ նետասլաքի գյուտերը:

Ամրացված  թաղամասի հյուսիսային պարսպապատի հատվածում պարսպի պեղված մասի  երկարությունն  արդեն հասնում է 120 մետրի: Պեղվող հատվածն աչքի է ընկնում  պարսպի զգալի բարձրությամբ (այն տեղ-տեղ հասնում է չորս մետրի), կվադրերի խոշորությամբ եւ ծիծեռնակապոչ կապերի էլ ավելի հաճախակի կիրառմամբ: Այս տարվա պեղումները, թվում է, էլ ավելի հավանական են դարձնում այն կարծիքը, որ պարսպապատերի վերնամասսերը վաղ միջնադարում ունեին հում աղյուսե հատվածներ, որոնք փլուզվելով փաստորեն ծածկել են պարսպապատի զգալի հատվածը եւ այն ՙանտեսանելի՚ դարձրել մինչեւ մեր օրերը:

Կենտրոնական թաղամասի Բազիլիկ եկեղեցուն հարավից կից հատվածում վերջնակապես վավերացվել է ավանդատան եւ բաց սյունասրահի առկայությունը: Ավանդատանը հարավից կից հատվածում ուշագրավ են 12-13-րդ դդ. սվաղապատ տնտեսական հորի եւ տնտեսական

բնույթի առվակի պեղումները: Եկեղեցուն հյուսիս-արեւելքից կից հատվածում պեղվել է նույն ժամանակի մի ընդարձակ սենյակ երկու խոշոր տարատիպ թոնիրներով: Ջնարակապատ անոթների, ապակյա ապարանջանների գյուտերն այստեղ բավականին շատ են: Սակայն ամենաէական գյուտն անշուշտ 10-11-րդ դդ. խաչքարն է, որը ոչ միայն  հավաստում է հայ ինքնության ակնհայտ առկայությւոնը Տիգրանակերտում, այլեւ  ցույց է տալիս, որ 9-րդ դ. համեմատական անկումից հետո եկեղեցու մի հատվածը վերականգնվել է եւ ծառայել որպես մատուռ, որից արեւմուտք էլ կանգնեցվել է խաչքարը:

Քաղաքի մի քանի հատվածներում ձեռնարկվել են հետախուզական պեղումներ, որոնց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Այսպես, Կենտրոնական թաղամասից մոտ 200 մետր հարավ-արեւմուտք հայտանբերվել է քաղաքի Անտիկ թաղամասը, որի մի փոքրիկ հատվածի պեղումնեեր երեւան են բերում «մայրաքաղաքային» տիպի խեցեղենի հարուստ տեսականի: Մշակութային շերտն այստեղ հասնում է մինչեւ երկու մետրի, թաղամասն ունի մոտ տաս հա տարածություն: Եկող տարի այն կդառնա հիմնական պեղավայրերից մեկը:

Աղբյուրների հարեւանությամբ պեղվել է ավելի քան կես տոննա տարողություն ունեցող օձազարդ մի կարաս, որը վերականգնելուց հետո կդառնա նորաստեղծ թանգարանի ամենուշագրավ ցուցանմուշներից մեկը:

Հայտնաբերվել եւ առաջին պեղումներն են իրականացվել Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտերից մեկում: Պեղվել են երկու կարասային թաղումներ, որոնցից մեկում զարդերի եւ երկաթե ակնազարդ մատանիների, ոսկեզօծ ուլունքների հետ գտնվել են նաեւ երկու պղնձե դրամներ: Դրամներն այժմ մաքրման պրոցեսում են եւ շուտով մենք կկարողնանք որոշել դրանց ինքնությունը եւ դրանով իսկ` թաղումների ավելի կոնկրետ ժամանակը: Այս դամբարանադաշտի ավելի ընդարձակ պեղումները կձեռնարկվեն եկող տարի: Այն խիստ էական կլինի Տիգրանակերտի մշակութային կերպարի եւ ինքնության մանրամասնման տեսանկյունից, քանի որ անտիկ դամբարանները հարուստ են ամբողջական նյութերով, այդ թվում եւ դրամներով: Այս դեպքում Տիգրանի ժամանակի եւ Տիգրանի հատած դրամների գյուտերն ավելի հավանական են դառնում:

Տիգրանակերտը դառնում է Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության եւ ուխտագնացության կարեւոր կենտրոններից մեկը, ինչը հուշարձանի պահպանության եւ օգտագործման տեսանկյունից բազմաթիվ նոր խնդիրներ է առաջադրում: Դրանց հարմոնիկ լուծումները` մշակութային ժառանգության հանդեպ մշակութային քաղաքականության ձեւավորման առումով` որի հայեցակարգային մոտեցումները Լեռնային Ղարաբաղում ձեւավորման ընթացքի մեջ են, կարող են մեթոդաբանական արժեք ունենալ:

Համլետ Պետրոսյան