Պոլսո հունական համայնքի Բարդուղիմեոս պատրիարքը հին ավանդույթների կենդանի մարմնացում է, գրում է CNN-ն ու շարունակում. «Այսօր նա ընկալվում է, որպես առաջինը հավասարների մեջ Հույն ուղղափառ եկեղեցում, եւ աշխարհի 250 մլն ուղղափառ քրիստոնյաների հոգեւոր առաջնորդն է»:
Ինքը Բարդուղիմեոսը նշում է. «Մենք փոքր քրիստոնեական համայնք ենք Թուրքիայում, մենք տառապել ենք հույն-թուրքական պատերազմներից, կորցրել մեր կողմնակիցների մեծ մասին»: Ըստ CNN-ի՝ ժամանակին ծաղկող հունական համայնքը, որը միայն Ստամբուլում 100 հազար էր հաշվվում, այսօր ընդամենը հասնում է 3 հազարի եւ անհետանում է, քանի որ մահմեդական երկրի ղեկավարությունը բարդ հարաբերություններ ունի պատրիարքության հետ: Եւ եթե թուրքական օրենքները, ժողովրդագրական քաղաքականությունն ու տրամադրությունները չփոխվեն, Բարդուղիմեոսը կարող է դառնալ Կոստանդնուպոլսի վերջին հույն պատրիարքը: Միեւնույն ժամանակ Բարդուղիմեոսը նկատում է, որ հոռետեսական տրամադրություններ չունի Թուրքիայում հունական եկեղեցու ճակատագրի կապակցությամբ: «Թուրքական իշխանությունները կարող են վետո դնել պատրիարքի ցանկացած թեկնածուի վրա: Բացի այդ, հավակնորդը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի, միեւնույն ժամանակ հունական եկեղեցու շատ բարձրակարգ ներկայացուցիչներ քաղաքացի չեն, ուստի նրանց առջեւ փակ են ճանապարհները»: CNNը նշում է, որ թուրքական իշխանությունները հրաժարվում են ճանաչել «Տիեզերական պատրիարք» կոչումը եւ Բարդուղիմեոսի դերը որպես ինտերնացիոնալ կրոնական առաջնորդի: Պաշտոնապես նա համարվում է տեղական հունական համայնքի հոգեւոր հովիվը, ոչ ավելին:
Ստամբուլի հունական համայնքի ղեկավար Ստեֆանոպուլոսը մեղադրում է թուրքական իշխանություններին հույների նկատմամբ ազգայնական քաղաքականություն վարելու մեջ, ինչի պատճառով կրճատվել է համայնքի թվաքանակը։
«Հույներից գանձում էին հատուկ հարկեր, արգելում էին փողոցում հունարեն խոսել։ Իսկ այնուհետեւ 1955 թվականին թուրքական իշխանությունների կողմից ջարդ իրականացվեց հույների նկատմամբ։ Արդյունքում հույները լքել են Ստամբուլը»-պատմում է նա՝ ընդգծելով, որ թուրքական իշխանությունները դրանով իրականացրել են «անարյուն» էթնիկ զտում։ Իսկ այսօր CNN-ը գրում է, որ Թուրքիայի իշխանություններն ասում են, որ այդ բոլոր իրադարձություններն հեռու անցյալում են, եւ անհրաժեշտ է նայել ապագային։
Հունական համայնքը պահանջում է Թուրքիայի իշխանություններից բացել Խալկիի հոգեւոր դպրոց, որը փակվել է դեռեւս 1971-ին:Եվ այս ամենի ֆոնին հույն պատրիարք Բարդուղիմեոսի լավատեսությունը չի պակասում. «Ես հավատում եմ, որ համայնքը կապրի: Հիմա հակառակ միտումն է. Շատ հեռանկարային երիտասարդներ ցանկանում են մնալ Թուրքիայում: Ես հունական համայնքի վերջին պատրիարքը չեմ լինի: Աստված կօգնի մեզ դրանում: Ամեն ինչ Աստծո ձեռքերում է»:
Ի դեպ, այս ամսին Թուրքիայի իշխանությունները եւ Ուղղափառ եկեղեցին պատմական քայլ են կատարել հաշտության ուղղությամբ. օգոստոսի 15-ին Թուրքիայի սեւծովյան ափին գտնվող Սուրբ Սումելա հունական եկեղեցում պատարագ է մատուցվել:
Այդուհանդերձ, CNN-ի մտահոգությունները մնում են. «Եթե նույնիսկ Ստամբուլի հունական համայնքն ապրի, հույն պատրիարքը կարող է դադարեցնել իր գործունեությունը համայնքի սկավաթվության, ինչպես նաեւ երկրի իշխանությունների բացասական վերաբերմունքի պատճառով»:




























