Վանի նահագապետ Մունիր Քարաօղլուն անձամբ է փորձարկել Աղթամար կղզին արեւային էներգիայով լուսավորելու սարքավորումները, որի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Վանի նահագապետը նշել է, որ 100 տարի անց, սեպտեմբերի 19-ին, առաջին անգամ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի եւ հավելել, որ Վանի ժողովուրդը, պատարագին մասնակցելու համար Վան ժամանած հայերին ըստ արժանավույն պատվելու համար, անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել։ «Պատմության ընթացքում մենք մեր հայ հարեւանների հետ եղբայրաբար եւ բարեկամաբար ենք ապրել։ Հիմա էլ ցանկանում ենք նախկինի պես եղբայաբար եւ բարեկամաբար դիմավորել եւ պատվել նրանց։ Պատարագի անցկացումը կարեւոր քայլ կլինի կրոնի եւ խղճի ազատության տեսանկյունից»-նշել է Վանի նահանգապետը՝ ամփոփելով, որ իրենք Վան եկող բոլոր հայերին սիրով սպասում են։
Նշենք, որ Աղթամարի Ս.Խաչում տարին մեկ անգամ պատարագ անցկացնելու թույլտվության համար անձամբ զբաղվել է Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն։ Մինչ թույլտվություն ստանալը, երբ Թուրքիայի մշակույթի նախարարը հայտարարել էր, թե Աղթամարի եկեղեցին չկա կրոնական արարողություն անցկացնելու համար թույլտվություն ունեցող հաստատությունների շարքում, Վանի նահանգապետը հեգնել էր նախարարին՝ ասելով, թե նախարարի խոսքերը հնություն են եւ 2010-ի սեպտեմբերին անպայման Աղթամարի եկեղեցին կբացվի կրոնական արարողությունների համար։ Այդ դեպքից շատ չանցած, պաշտոնապես թույլատրվում է տարին մեկ անգամ, սեպտեմբերի 2-րդ կեսին, որը համընկում է Վարագա Խաչի տոնի հետ, պատարագ մատուցել։




























