Ամերիկյան գիտնականները փորձ են անցկացրել՝ գնահատելու համար գրասենյակային տարածքներում օդի որակի ազդեցությունն անձնակազմի աշխատունակության վրա: Պարզվել է, որ ուժեղ օդափոխությունը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Փորձի արդյունքները հրապարակվել են Environmental Health Perspectives ամսագրում:

Ըստ Bloomberg-ի, փորձին 24 գրասենյակային աշխատող է մասնակցել. վաճառքի մենեջերներ, ինժեներներ եւ ճարտարապետներ: Կամավորներն իրենց ամենօրյա աշխատանքը կատարել են երեք տարբեր տարածքներում: Առաջին խումբն աշխատել է ստանդարտ օդափոխությամբ գրասենյակում, երկրորդը՝ LEED Platinum սերտիֆիկատ ունեցող «կանաչ» շենքում, երրորդը՝ ուժեղացված ներքին օդափոխությամբ «կանաչ» շենքում:

Վեց օր տեւած փորձի ընթացքում գրասենյակներում օդափոխության պայմանները պարբերաբար փոխվել են, սակայն կամավորներն այդ մասին չեն իմացել: Ամեն օր ժամը 15:00-ին կամավորները ռեակցիայի եւ հնարամտության թեստ են անցել:

Ըստ Informing.ru-ի, փորձը ցույց է տվել, որ «կանաչ» տարածքներում աշխատած կամավորների արդյունքները 61%-ով ավելի են եղել սովորական պայմաններում աշխատող մասնագետներից: Նրանք 97%-ով ավելի լավ են արձագանքել ճգնաժամային իրավիճակներին, իսկ ուժեղացված օդափոխությամբ գրասենյակներում աշխատողները՝ 131%-ով ավելի լավ: