Թեեւ Թուրքիայում ընդդիմությունը ցույց է տվել, որ հակված է կոալիցիա կազմելուն, վերլուծաբանների մեծ մասը կասկածում է, որ նրանք դրա համար բավարար ուժ ունեն, գրում է ֆրանսիական Liberation թերթը: Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին նվիրված հոդվածում, մասնավորապես, նշվում է.

«Հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն անհաջողության է մատնվելու եւ անհրաժեշտություն է առաջանալու կոալիցիոն կառավարություն ձեւավորել:

Այդուհանդերձ, վերջին 5 ամիսներին քաղաքական եղանակը նկատելիորեն փոփոխվել է: 1984-ին սկիզբ առած Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) եւ Թուրքիայի անվտանգության ուժերի միջեւ զինված հակամարտությունն այս ամառ վերսկսվել է՝ խափանելով անկայուն խաղաղ գործընթացը, որը ձգվում է երեք տարի:

Սիրիական հակամարտությունը տարածվել է նաեւ Թուրքիայի տարածքում, երբ հուլիսի Սուրուջում տեղի ունեցած իրադարձությունները եւ ԻՊ-ի երկու գրոհայինների իրականացրած ահաբեկչությունը հանգեցրին 102 մարդու մահվան Անկարայի կենտրոնում:

Այս իրադարձությունները ավելի ու ավելի են անհանգստացնում Թուրքիայի արեւմտյան դաշնակիցներին՝ սկսած ԵՄ-ից, որը բախվել է փախստականների աճող հոսքի խնդրին:

Ազգայնականների ձայները հավաքելու համար վարչապետ եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն կարգախոս է ընտրել՝ «Արդարություն եւ զարգացում» կամ քաոս»:

«Ոմանք ցանկանում են երկրում վերականգնել սուլթանությունը, թույլ մի տվեք նման բան»,- իր հերթին կոչ է արել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ոստիկանության կողմից ընդդիմության երկու հեռուստաալիքների գրոհը մեծացրել է ընդդիմության եւ միջազգային հանրության մտահոգությունները: Էրդողանին ուղղված նամակում խոշոր լրատվամիջոցների 300 ներկայացուցիչներ դատապարտել են ընդդիմության դեմ սկսված արշավանքը:

Թեեւ այս անգամ Էրդողանը որոշել է հրապարակավ չգլխավորել իր կուսակցության քարոզարշավը, նրա ներկայությունն զգացվում է: Նա հոկտեմբերի 29-ին հայտարարել է. «Եթե մեր ժողովուրդն ընտրի մեկ կուսակցության կառավարություն, ես հավատում եմ, որ դա կայունությանը վերադառնալու հիմքեր կդնի, որը մենք ունեցել ենք 20-30 տարի»:

Վերլուծաբան Ասլը Այդընթաշն էլ ընդգծել է, որ Թուրքիայում ամենահավանական սցենարը նոր հուզումներն են: