Մեր ժամանակներում գիտությունը զարգանում է շատ արագ, իսկ գիտական նշանակության տեղեկատվական հոսքերը, կարծես թե, կորչում են տարաբնույթ լրահոսներում։ Այս խնդիրը լուծելու համար մի շարք երկրներում ի հայտ են եկել ինտերնետային գիտական ցանցեր։ Այնտեղ ներկայացվում են գիտական մրցույթների, նորությունների, գիտական ամսագրերի մասին տեղեկությունները:
ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարության տվյալներով՝ այդ երկրում գործում են տասնյակ գիտական ցանցեր: Դրանց թվում են` RBnet (միջգերատեսչական հենքային ցանց, որը կառուցվել է պետական ծրագրի շրջանակներում), RUNnet (դաշնային համալսարանական ցանց), RASnet (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կորպորատիվ ցանցը), FREEnet (գիտության եւ կրթության բաց ցանց) եւ այլն: Դրանք ստեղծվել են դեռեւես 90-ական թվականներից՝ նպատակ ունենալով նպաստել ակադեմիական համագործակցության խթանմանը, գիտության բնագավառի տեղեկատվական հոսքերի արագ փոխանցմանը։ Ռուսաստանի կառավարությունը նույնիսկ պետական ծրագրեր է իրականացրել՝ նման ցանցեր ստեղծելու նպատակով։
Հայաստանում գիտական ցանց ստեղծելու միայն մեկ փորձ է արվել՝ 2007 թ. «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիան» գործարկել է «Արմակադ» ցանցը։ Մոդերատոր Խաչիկ Գեւորգյանն ասում է, որ նորությունները տարածում են armacad.info ինտերնետային կայքի, Yahoo group-ի (էլեկտրոնային փոստերի խմբի) եւ Facebook սոցիալական ցանցի միջոցով:
«էլեկտրոնային փոստի խմբում` Yahoo group-ում մենք ունենք 4050 անդամ, իսկ Facebook սոցիալական ցանցում՝ 6200 անդամ։ «Արմակադ» ցանցի ներսում կան տարբեր մասնագիտացված ցանցեր, օրինակ` Armenian studies հայագիտական ոլորտի ցանցը, որի նպատակը հայագիտության ոլորտի զարգացումն է: Ընդհանուր առմամբ՝ մեր ցանցով հետաքրքրված են շուրջ 10000 մարդ»,- NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խ. Գեւորգյանը։ Ցանցում տեղադրվում են նորություններ ոչ միայն Հայաստանի, այլեւ տարբեր արտասահմանյան գիտական շրջանակների մասին։ Աշխարհում ամենամեծ՝ H-Net ամերիկյան ցանցն ունի մոտ 100 հազ. օգտվող։
Խ.Գեւորգյանը նշեց, որ Հայաստանի միակ գիտական ցանցը գործում է կամավորների միջոցով։ Առաջիկայում պատրաստվում են դիմել կառավարությանը՝ պետական աջակցություն կամ դրամաշնորհ ստանալու ակնկալիքով, առավել եւս, որ ցանցից օգտվողների թիվն ավելանալու միտում ունի։




























