Հայաստաի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 3-ին բացել է «Արմենիա Էքսպո 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումը:  

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Սա բացառիկ հնարավորություն է ստեղծելու շփումներ ձեռնարկատերերի միջեւ, այն պետք է պահպանի  միջազգային կարգավիճակը. անհրաժեշտ է, որ լինեն օտարերկրյա մասնակիցներ, քանի որ դրա շնորհիվ է նաեւ, որ ստեղծում ենք բիզնես միջավայր Հայաստանում, բացահայտում ենք մեզ համար  այնպիսի հետաքրքրություններ, որոնք ներդրողները կդրսեւորեն մեր երկրի նկատմամբ»։  

Խոսելով ֆորումի ընթացքում կազմակերպվող կլոր սեղան-քննարկումների մասին, նա նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում  այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք  ուղղված են  ներդրումների եւ բիզնես միջավայրի բարելավմանը: Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին եւ դրանց արտադրանքին։

Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի,  Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իտալիայի ավելի քան 180 կազմակերպություն, ընկերություն եւ միություն։
Նշենք, որ «Լոգոս էքսպո» կենտրոն ցուցահանդեսային ընկերության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում անցկացվող «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 5-ը։