Ընթացիկ տարում Հայաստանում տնտեսության առաջատար ճյուղերի արտադրանքի ֆիզիկական ծավալի դինամիկան կայուն բնույթ չի կրել: Արդյունաբերության մեջ տարեկան հաշվարկով առավելագույն աճն արձանագրվել է օգոստոսին (12,4 %), իսկ անկումը` հունվարին ( 2,3%) եւ հուլիսին (1,2%): Հաշվետու ամսում` հոկտեմբերին այնքան էլ զգալի աճ չի արձանագրվել` 3,0%:

Գործերն ավելի լավ էին գյուղատնտեսական համախառն արտադրանքի առումով: Աճի առավելագույն տեմպ է արձանագրվել հունիսին (38%), իսկ վատագույն ցուցանիշը` հունվարին («ընդամենը» 1,8% աճ): Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ընթացիկ տարում գյուղատնտեսական համախառն արտադրանքի դինամիկան «պլյուս» նշանով է դրսեւորվել: Այսինքն, ի տարբերություն արդյունաբերությանը, անկում չի արձանագրվել:

Նշենք, որ օգոստոսից մինչեւ հոկտեմբեր գյուղատնտեսությունը արտադրանքի ծավալով գերազանցել է արդյունաբերությանը: Դրա վրա իր ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ մրգերի, մասնավորապես` խաղողի բերքահավաքի սեզոնը (որի ռեկորդային բերք է հավաքվել` 0,3 մլն տոննայից ավելի):

Սակայն տասը ամսվա արդյունքներով արդյունաբերությունը առաջատար է. արտադրանքի ծավալը 1,06 տրիլիոն դրամի է համարժեք, գյուղատնտեսության 0,86 տրիլիոն դրամից պակասի համեմատ: Աճի տեմպերի առումով ճիշտ հակառակ պատկերն է. 4,6%-ը` 11,6%-ի դեմ: Այստեղ իհարկե իր դերն ունի նաեւ բազային տոկոսի մեծությունը:

Իհարկե հասկանալի է, որ այս թվերն ինքնանպատակ չեն: Եթե դրանք ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, դա կարելի է ոչ փոքր ձեռքբերում համարել: Չէ որ Ռուսաստանի տնտեսության մեջ, որի հետ մենք կապված ենք Եվրասիական տնտեսական միության գործընկերական կապերով, բացասական երեւույթներ են արձանագրվում: Այսպես` հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրության ընդհանուր ծավալը մեր հյուսիսային գործընկերոջ մոտ կրճատվել է 3,3%-ով: