Որոշ ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը շտապ հոսպիտալացվել է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են երգչի ընդունարանից:
«Իոսիֆ Դավիդովիչի հետ ամեն ինչ կարգին է: Նա իրեն նորմալ է զգում, անհանգստանալ պետք չէ: Երեկ նա վերադարձել է արձակուրդից, իսկ այսօր աշխատանքի դուրս կգա»,- ասել է գործկալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Կոբզոնը վիրահատվել է Կաշիրկայի ուռուցքաբանության կենտրոնում, որից հետո ընդամենը 2 օր անց վերադարձել եւ մասնակցել է Պետդումայի նիստերին, որպեսզի քննարկի բուհերին եւ գիտական հաստատություններին կից գործող փոքր իննովացիոն ձեռնարկությունների մասին օրինագիծը: Իր ինքնազգացողության վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասել է. «Թող չերազեն»:
Նշենք նաեւ, որ Կոբզոնի մոտ, ով այս տարի կդառնա 72 տարեկան, 2004 թվականին ուռուցք է հայտնաբերվել:




























