Մարդու էներգիայի մակարդակը գագաթնակետին է հասնում 31 տարեկանում, երբ աշխատանքը, ընտանիքն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարդուց առավելագույն ջանքեր են պահանջում: Այսպիսի եզրահանգման են եկել Բիրմինգեմի համալսարանի գիտնականները:
Ըստ Informing-ի, բազմաթիվ մարդիկ կարծում են, որ 30 տարեկանից հետո հարկավոր է ընտանիք կազմել, ավելի հանդարտ կենսակերպ վարել բուռն երիտասարդությունից հետո: Սակայն բրիտանական սոցիոլոգները կարծում են, որ հենց 30-ամյակից հետո է մարդու էներգիայի մակարդակը հասնում գագաթնակետին:
Գիտնականները նաեւ հավաստում են, որ 55 տարեկանում մարդուն էներգիայի եւս մեկ բռնկում է սպասվում: Մասնագետները դա կապում են այն հանգամանքի հետ, որ այդ տարիքում մարդիկ ավելի ակտիվ են դառնում՝ սպասելով թոշակի անցնելուն:
Նրանք նաեւ նշում են, որ չնայած զբաղվածությանը, մարդիկ սպորտին ամենաշատ ժամանակը տրամադրում են հենց 30 տարեկանում: Հետազոտությունը ցույց է տվել, որ 30 տարեկանից հետո սպորտով չի զբաղվում բրիտանացիների ընդամենը 12%-ը, 40-ից հետո՝ արդեն 20%-ը, իսկ 50-ից հետո՝ 25%-ը:




























