Թուրքական բարձրագույն իշխանությունը եւ անձամբ նախագահ Թայիփ Էրդողանը ներգրավված են սիրիական եւ իրաքյան նավթի անօրինական արդյունահանման եւ տեղափոխման գործում: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիայի եւ Իրաքի օրինական տերերից գողացված այդ նավթի հիմնական սպառողը Թուրքիան է: Ստացված տվյալների համաձայն, այդ հանցավոր բիզնեսում ներգրավված է երկրի բարձրագույն քաղաքական իշխանությունը, նախագահ Էրդողանն ու իր ընտանիքը: Մենք բազմիցս խոսել ենք ահաբեկիչների հետ խաղեր խաղալու վտանգավորության մասին», - ասել է Անտոնովը:
Ռուսական ավիացիայի հարվածները հնարավորություն են տվել կրկնակի կրճատել ՌԴ-ում արգելված ահաբեկչական «Իսլամական պետության» խմբավորման` նավթի անօրինական առեւտրից եկամուտը` օրական 3 մլն դոլարից այն հասցնելով 1,5 մլնի, լրագրողներին ասել է Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Այդ տարածքային կազմակերպության եկամուտը կազմում էր օրական 3 մլն դոլար: Ռուսական ավիացիայի կողմից ահաբեկիչներին երկու ամսվա ընթացքում հասցված հարվածներից հետո նրանց եկամուտներն արդեն օրական 1,5 մլն դոլար են կազմում», - ասել է նա:





























