Անվիզա ռեժիմի մասին համաձայնագիրը նախաձեռնություն է, որն ուղղված է Հայաստանի եւ Բրազիլիայի մերձցմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորգրմամբ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է կարճաժակետ այցով առանց մուտքի թույլտվության ժամանել Բրազիլիա: «Մենք նկատի ունենք տուրիստական եւ բիզնես այցելությունները, որոնք հիմնականում կարճաժամկետ են: Այսուհետեւ ՀՀ քաղաքացիները կարող են ժամանել Բրազիլիա եւ 90 օր մնալ այնտեղ: Իհարկե եթե կա մշտական բնակություն հաստատելու ցանկություն, անհրաժեշտ է մշտական վիզա: Երեք ամսից երկար ուսման նպատակով այցելելու համար նույնպես վիզա է անհրաժեշտ»,- նշել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Դեսպանը նշել է, որ ամենակարեւորն այն է, որ Հայաստանի քաղաքացիների համար սովորական այցելությունների դեպքում մուտքն ազատ է: «Մենք ուզում ենք մարդկանց հասցնել այն գաղափարը, որ արդեն հնարավոր է հեշտությամբ մեկնել Բրազիլիա: Մենք ուզում ենք, որ հայերն զգան, որ կա եւս մի բարեկամ երկիր, որը սպասում է նրանց գրկաբաց»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ յուրաքանչյուր այցելություն կարող է հանգեցնել ինչ-որ նոր բանի, այս կամ այն ոլորտում համագործակցության:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ անվիզա ռեժիմը:




























