Թուրքական մամուլը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունը շփոթելով  Հայոց պատրիարքարան անվան հետ, տեղեկացրել էր, թե Հայոց պատրիարքարանը, Ս. Խաչի խաչը չտեղադրելու պատճառով  չի մասնակցելու պատարագին:  Թուրքական մամուլի ընթերցողներին շփոթության մեջ  գցած տեղեկությունը հերքել է Պոլսո Հայոց պատրիարքարանը` հայտարարելով, որ սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում պատարագ մատուցելն ուժի մեջ է առանց փոփոխությունների:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ`  Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Թուրքիայի Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը, պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք, Արամ Աթեշյանի գլխավորությամբ իրականացրած ժողովի ընթացքում քննարկել է սեպտեմբերի 19-ին Վանի Ս. Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու հետ կապված խնդիրները եւ որոշում կայացրել, որ ամեն ինչ մնում է նախկինի պես: Պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին:

Թուրքական լրատվամիջոցներում հիշատակված Հայոց պատրիարքարան արտահայտությունը որեւէ կապ չունի Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ»: