Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նոյեմբերի 10-ին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ի երկու մանկահասակ դուստրերը, որոնք դեպքին ականատես են եղել, հոգեբանի հետ աշխատանքի շնորհիվ դուրս են եկել շոկային վիճակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքնահրկիզված կնոջ քույրը՝ Ն.Ս.-ն, որի խնամքին են այժմ ինքնահրկիզված կնոջ երկու դուստրերը:

«3 անգամ տարել եմ հոգեբանի մոտ, րդեն ուրախ են, դրական փոփոխություն կա, էլ  չեն մտածում, չեն հիշում, չեն խոսում էդ թեմայով: Առաջ ասում էին՝ մաման  գնաց, էսպես-էնպես արեց, անընդհատ խոսում էին նրա մասին, ինչ որ տեսել են. հիմա էլ էդ թեման ընդհանրապես չեն շոշափում»,-ասաց Ն.Ս.-ն:

Կնոջ խոսքով՝ քրոջ ծայրահեղ քայլերը դրական արդյունք են ունեցել. ոստիկանությունը վերաբացել է երկու տարի առաջ կնոջ բնակարանից թանկարժեք իրեր եւ գումար գողանալու գործը, ինչի պատճառով էլ կինը բազմիցս ինքնասպանության փորձ է կատարել:

Լուսինե. Ս.-ն դեռեւս Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանության բաժանմունքում է: Կինն արդեն կարողանում է արդեն ինքնուրույն սնվել, քրոջ խոսքով՝ դուրս կգրվի այն ժամանակ, երբ քայլել կարողանա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմանում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:

Լուսինե Ս.-ն երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել: Իսկ դեպքից առաջ սկանդալ է սարքել Երեւանի սուպերմարկետներից մեկում, սպառնացել կտրել իր կոկորդը:

Կինը երկու տարի առաջ իր բնակարանում գողության դեպքից հետո նյարդային վիճակում է հայտնվել, պայքարում է, որպեսզի ոստիկանները բացահայտեն գողությունը:

Լուսինե Ս.-ի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ ինքը որպես հավաքարար է աշխատում Երեւանի քոլեջներից մեկում: