Վրա են հասել ցրտերը, եւ մեր քաղաքներում ու  գյուղերում քաղաքացիներն, իրենց «ֆինանսներին» համապատասխան, տաքացնում են իրենց բնակարանները։ Քանի որ մեր հասարակությունը ծայրաստիճան բեւեռացված է, ջեռուցման միջոցների դիապազոնը բավական լայն է։ Որոշ քաղաքացիների տներում գազի կաթսաներ կամ գազի կամ էլեկտրական շարժական տաքացուցիչներ են տեղադրված։

Անգամ մայրաքաղաքում հաճախ օգտագործում են փայտի կամ նավթի հին վառարաններ։ Անցյալի այս գտածոները պետք չէ շփոթել ժամանակակից բուխարիների հետ, որոնցով ոչ աղքատ քաղաքացիներն իրենց բնակարաններում բուրժուական հարմարավետություն են ստեղծում։ Իսկ մեր հասարակության «ամենաաղքատ բեւեռում» հանդիպում են ընտանիքներ, որոնք ոչ մի կերպ չեն ջեռուցում իրենց բնակարանները։ Նման «շքեղություն» թույլ տալու համար գումար չունեն։

Երեւանում վաղուց հրաժեշտ են տվել կենտրոնական ջեռուցմանը, չնայած բազմիցս փորձեր են արվել վերականգնել այդ համակարգը։ Իսկ ինչպե՞ս են խնդիրը լուծում գյուղերում, որտեղ յուրաքանչյուրն իր համար է պատասխանատու։ Այս հարցերը տվել ենք Վայոց Ձորի մարզի գյուղերի բնակիչներին։

Արփա գետի ափին ընկած առաջին պատահած գյուղում, որն ունի մոտ 300 տնտեսություն, բնական գազ ունի 50 տուն։ Սակայն դրանցից միայն մի քանիսում կա շահագործվող գազի կաթսա։ Ի՞նչ արած՝ սեփական տան ջեռուցման  համար գազի ծախսերը փոքր չեն եւ գյուղացիների գրպաններին անհասանելի։ Սակայն կա ավելի էժան էներգակիր՝ փայտը։ Ջեռուցվող տան մակերեսից կախված՝ մեկ ձմռան համար անհրաժեշտ է 5-10 խ/մ փայտ՝ մեկ խ/մ-ի համար՝ 18 հազար դրամ։

Մոտավորապես նման պատկեր է երկրորդ գյուղում, որն ընկած է Երեւանից հարավ տանող մայրուղու հեռավոր հատվածում։ Տարբերությունը միայն այն է, որ այս բնակավայրը գազիֆիկացված չէ։ Դրա դիրքն ավելի բարձր է, ինչի հետեւանքով այնտեղ ավելի ցուրտ է։ Բնակիչներից մեկի խոսքով՝ մոտ 5 խ/մ փայտը բավականացնում է ջեռուցման սեզոնի համար, թե իհարկե նույ ծավալով աթար գնես։