Երեւանի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի 7/22 ընտրատեղամասում կրկին ընդհատվել է քվեաթերթիկների հաշվարկը։
Պատճառը ժամեր առաջ ընտրատեղամասում արձանագրված միջադեպն էր. վատացել էր ԸԸՀ անդամը։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է որ միջադեպի ժամանակ հատակին հայտնվեցին ծրարներ, թեեւ արկղը չէր շրջվել։ Հանձնաժողովի անդամները հատակին թափված ծրարները հավաքեցին մի կողմի վրա` չխառնելով արկղի ծրարներին, քանի որ այդ պահին հայտնի չէր, թե ծրարները որտեղից հայտնվեցին։
Հանձնաժողովի անդամները որոշում կայացրեցին, որ կանդրադառնան այդ ծրարներին վերջում, կհամեմատեն քվեարկածների քանակի հետ եւ եթե տեսնեն, որ պակասող քվեաթերթիկներ կան, ապա դրանք կավելացվեն արկղի քվեաթերթիկներին։
Հաշվարկից հետո, երբ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում պարզվեց, որ քվեատուփում եղած 726 քվեաթերթիկից 421–ը «ոչ» է, իսկ «այո»–ն 252 է, 53` անվավեր, սկսեցին բացել նաեւ մի կողմ դրված ծրարները։ Քանի որ սկզբում բացված ծրարներից միայն «այո» էր դուրս գալիս, հանձնաժողովի ՀԱԿ անդամ Կարինե Հարությունյանը պահանջեց դադարեցնել հաշվարկը` նշելով, որ դա տարօրինակ է։
Կարինե Հարությունյանը պահանջում է անվավեր համարել այդ քվեաթերթիկները, որի շուրջ հանձնաժողովը դեռ համաձայնության չի եկել։
Ի դեպ, նշենք, որ հանձնաժողովի վատացած ԸԸՀ ներկայացուցիչը տանն է, եւ իրեն համեմատաբար լավ է զգում։




























