Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունները հանրաքվեի վերաբերյալ լուրջ չեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Ոչ»–ի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, ըստ որի կեղծվել է մոտ կես միլիոն ձայն։
Շարմազանովը պահանջում է, որ Զուրաբյանը ներկայացնի 500 հազար քվեի կեղծման փաստերը` նշելով, որ հակառակ դեպքում ժողովուրդը կտեսնի, որ նա «օդում խոսացող թիմի ստախոս անձնավորություն է»։
«Ինչպե՞ս կարելի է մարդկանց արհամարհել եւ մինչեւ քվեարկության վերջնական արդյունքներն ունենալը նման հայտարարությամբ հանդես գալ։ Սա էլ բավարար չէ, Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ ճակատամարտն ավարտված չէ։ Իրեն եւ իր շեֆերին է թվում, որ մեր երկրում կարող է ճակատամարտ տեղի ունենալ։ Մենք բոլորս մի ժողովուրդ ենք. երկրորդ անգամ ժողովրդին ցնցումների տանելն անբարոյականություն է։ Ճակատամարտ կարող է լինել հայ– ադրբեջանական շփման գծում թշնամու դեմ։ Եթե որեւէ մեկին թվում է, թե Հայաստանի Հանրապետությունում, Երեւանի փողոցներում կարող է ճակատամարտ լինել, ապա թող ժողովուրդն իր պատասխանը տա այդ մարդուն»,– ասաց Շարմազանովը։
Շարմազանովի խոսքով, ցավալին այն է, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս մի մարդ, որը ժամանակին եղել է իշխանության մաս՝ առաջին նախագահի մամուլի խոսնակ։
«Եթե նման բան ասեին մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է իշխանությունը, պետությունը, ապա, կարելի էր մտածել, որ նրանք տառապում են ռոմանտիզմով կամ ավանտյուրիզմով։ Մենք երկիր չունենք, որ տանենք ճակատամարտերի, իսկ Զուրաբյանի նման մադրիկ անելիք չունեն Հայաստանում։ Իսկ հայը հայի դեմ երբեք չի ճակատամարտի»,– ասաց Է. Շարմազանովը։




























