Թուրքիան մտադիր չէ ավելի շատ զինվորականներ ուղարկել Իրաքի Նինվեի նահանգ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Բացի այդ,, ինչպես հաղորդում է «Բլումբերգը», Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ուժեղացնել համագործակցությունն Իրաքի հետ ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաեւ մտադիր չէ խախտել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային միասնականությունը:

Հաղորդվում է, որ Դավութօղլուն տեղեկացրել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիին «զինվորականների մարզչական առաքելության» մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իրաքի իշխանությունների տվյալներով, դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային գումարտակը ահաբեկիչների դեմ պայքարող քրդական ժողովրդական ջոկատների մարտիկների նախապատրաստության առիթի անվան տակ մտել է Իրաքի Նինվե նահանգ: Իրաքի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայից դուրս բերել իր զորքերը, նշելով, որ դրանց ներկայությունն Իրաքում «թշնամական գործողություն է»: Իրաքի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաքիմ ազ Զամլին հայտարարել է, որ եթե թուրք զինվորականները չլքեն երկրի տարածքը, նրանք կարող են հարձակման ենթարկվել: