Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով երթ անցկացնող «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները ոչ մի կերպ չեն կարողանում մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին եւ ներկայացնել իրենց պահանջները։
Մոսկովյան պուրակը, որտեղ գտնվում է ԿԸՀ շենքը, երկու կողմից շարունակում են փակ պահել ոստիկանական ուժերը։
Երթի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց մոտենա ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն նրանց մոտեցավ միայն ԿԸՀ նամակների բաժնի ղեկավարը, առաջարկեց իրենց դժգոհությունը գրավոր նամակով ներկայացնել, սակայն երթի կազմակերպիչներն այդ քայլն անվանեցին «իշխանությունների հերթական կեղծիքը»։
Որոշ ժամանակ Կորյունի կողմից Մոսկովյան պուրակի մոտ կանգնելուց եւ իրենց պահանջները ներկայացնելուց հետո երթը շարժվեց Կորյուն փողոցով եւ Իսահակյան փողոցի կողմից փորձեց մոտենալ ԿԸՀ շենքին, սակայն այստեղ էլ հանդիպեց ոստիկանական շարքերին։
Այս պահին «Ոչ»–ի ճակատի ներկայացուցիչները բանակցում են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, որպեսզի նա միջնորդի թույլ տալ երեք ներկայացուցչի բարձրանալ ԿԸՀ եւ անձամբ Տիգրան Մուկուչյանին ներկայացնել ընտրակեղծիքների մասին իրենց տեղեկություններն ու հանրաքվեն չեղարկելու պահանջը։ Այս հարցի շուրջ, սակայն, դեռ համաձանություն չկա։
Հիշեցնենք, որ երթի մասնակիցները հայտարարել են, որ գիշերը մնալու են փողոցում։ Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները` նշելով, որ քվեարկությունը կեղծվել է։


























