Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների մոտ 94 տոկոսը:

Նախնական տվյալներով, «Այո» ասել է մասնակիցների 63,59 տոկոսը, «Ոչ»՝ 32,14 տոկոսը:

ԿԸՀ-ն տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացել է էլեկտրոնային եղանակով:

Հանրաքվեին, նախնական տվյալներով, մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը  2 մլն 550 հազար 323 մարդ է:

Քվեարկություն է կայացել 1997 տեղամասերում:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: