ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին սահմանափակել երկրում ավտոմատ զենքի վաճառքը եւ թույլ չտալ, որպեսզի դրանք գնեն մարդիկ, որոնց արգելված է թռչել ամերիկյան օդանավերով: Այս մասին Օբաման հայտարարել է ահաբեկչության դեմ պաքարի եւ ազգային անվտանգությանը նվիրված իր ուղերձի ժամանակ:

Նրա կարծիքով որեւէ պատճառով չի կարելի թույլ տալ, որպեսզի ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողը ինքնալիցքավորվող զենք գնի:

«Սա ազգային անվտանգության հարց է: Մենք նաեւ պետք է բարդացնենք հզոր մարտական զենքի գնման գործընթացը»,-ընդգծել է Օբաման:

Նա ասել է, որ Վաշինգթոնի ռազմավարությունն անընդհատ վերանայվում եւ ճշգրտվում է, եւ այդ համատեքստում է պետքարտուղարությանն ու ազգային անվտանգության նախարարությանն ուղղված իր հանձնարարությունը՝ վերանայել այն վիզային ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ է եկել Սան Բերդարդինոյում կրակ բացած կին ահաբեկիչը:

Նա նաեւ հայտարարել է, որ պետք է ուժեղացնել այն մարդկանց ստուգումը, որոնք ԱՄՆ են գալիս առանց վիզայի: