Ռուսաստանի օդատիեզերական ավիացիան Սիրիայում գործողությունների ժամանակ թռիչքների համար Հմեյմիմի հիմնական ավիաբազայից բացի կօգտագործի Լաթաքիայի եւս 2 օդանավակայան։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով գերտեսչությունում իր աղբյուրները։

Պարբերականի տեղեկություններով՝ որպես լրացուցիչ օդանավակայաններ կօգտագործվեն Հոմս նահանգի Շայրաթ եւ Փալմիրայի Ալ Թայաս օդանավակայանները։ Ալ Թայաս օդանավակայանից հարմար է Սիրիայի բանակին աջակցել Դեր Զորի շրջանում հարձակումների համար։ Շայրաթի բազան իր հերթին օգտագործվում է Հոմսի նահանգում Սիրիայի բանակի հարձակումներն աջակցելու համար։

Ինչպես հայտնել է պարբերականի զրուցակիցը, ռուսաստանցի զինվորականներին թույլատրել են անհրաժեշտության դեպքում օգտագործել ցանկացած ենթակառուցվածք։