Ռուսաստանը չի դիտարկում Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու  հնարավորությունը։ Այս մասին «Վեդոմոստի» թերթին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը։

«Ըստ տրամաբանության՝ այդքան էլ հեշտ չէ սննդամթերքային էմբարգո սահմանելը, ինչպես դա եղավ Ամերիկայի եւ Եվրոպայի դեպքում։ Սա լրիվ ուրիշ դեպք է։ Այստեղ իրական ռիսկեր կան մեր ժողովրդի եւ երկրի համար»,- ասել է Ուլյուկաեւը։

Նախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ բիզնես կապերը նվազագույնս կտուժեն։ «Թուրք ներդրողները, որոնք մեզ մոտ աշխատում են, կշարունակեն իրենց գործունեությունը։ Հիմա Աշխատանքի նախարարությունն առաջարկել է տրամաբանական մեխանիզմ մշակել այդ ընկերությունների զբաղվածության քվոտաների պահպանման համար»,- ասել է նա։

Ընդ որում Ուլյուկաեւը խոստովանել է, որ Թուրքիայից մրգերի եւ բանջարեղենի ներկրման արգելքը կարող է հանգեցնել գնաճի։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին՝ Դաշնային ժողովի առջեւ ելույթի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սու 24 օդանավը խոցելը Թուրքիային լոլիկի ներկրումն արգելելուց ավելի թանկ կարժենա։