Դեկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստներն ահազանգում են, որ ոստիկանները բերման ենթարկելիս հայհոյել ու հարվածել են իրենց:
«Մենք գորգի վրա մեր բողոքի ձայնը բարձրացրինք, հետո դուրս եկանք մայթ, որ գնանք, միանք երթի մասնակիցներին: Եթե կարգ էինք խախտում, թող ոստիկանները մոտենային, երբ գորգի վրա էինք, բայց իրենք ոչ մի բան չասացին: Հետո եկան, մայթում վրա տվեցին մեզ, քաշքշելով, հայոհյելով, խփելով տարան մեքենաները, հետո՝ բաժին: Մեքենայի մեջ էլ ոտքով էին խփում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը՝ նշելով, որ իր հագուստը պատռվել է քաշքշոցի ընթացքում:
Բերման ենթարկված 9 ակտիվիստների նկատմամաբ ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով (Ոստիկանների օրինական պահանջները չկատարելը): Նրանց 2 ու կես ժամ անց բաց են թողել: Նշենք, որ նրանք «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն են, որոնք նախորդ օրը մասնակցում էին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած երթին դեպի ԿԸՀ:
Ակտիվիստները դիմել են ՄԻՊ գրասենյակ:





























