Բելգիայի մոտ 160 քաղաքացու նկատմամբ, որոնք հեռակա դատապարտվել էին ահաբեկչության համար կամ էլ կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ, թագավորության կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել, տեղեկացրել է երկրի դաշնային դատախազը:
Այդ ցուցակում ներառված են ինչպես արդեն Սիրիայում կռվող բելգիացիներ, այնպես էլ Սիրիա մեկնած կամ մեկնելու պատրաստվող մարդիկ, նրանք, որոնք Բելգիա են վերադարձել, նաեւ այնպիսիք, ում օրինապահ մարմինները խանգարել են մեկնել:
Բելգիայի ՆԳՆ-ի տվյալներով, Սիրիայից Բելգիա է վերադարձել 130 վարձկան, որոնցից 85-ը Բրյուսելի բնակչության թվով երկրորդ խոշոր համայնքի` Մոլենբեկի բնակիչներ են, որը հիմնականում ներգաղթյալներով է բնակեցված:
VRT հեռուստաալիքի տվյալների համաձայն, Բելգիայում հավաքագրված յուրաքանչյուր վարձկանի համար ԻՊ (ԴԱԵՇ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները մեկից տասը հազար եվրո են վճարում: Առավել գնահատվում են IT մասնագետները եւ բուժաշխատողները:
Բելգիան Սիրիայում կռվելու մեկնած իսլամիստների եւ բնակչության թվի հարաբերակցությամբ ԵՄ-ում առաջին տեղն է զբաղեցնում. Բելգիայում 11 միլիոնից քիչ ավելի մարդ է ապրում: Տարբեր գնահատականների համաձայն, Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից Բելգիայի 400-ից 500 քաղաքացի է կռվում: Այսօրվա դրությամբ Սիրիայում արդեն մոտ հարյուր վարձկան է զոհվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:




























