Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակություններից առնվազն երկուսը խախտել են միջազգային չափանիշներն ու սկզբունքները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) փորձագետ Սերգեյ Տկաչենկոն:

«Մեր գործառույթներից մեկը հենց այդ պատվիրակությունների աշխատանքներին հետեւելն էր: 6 պատվիրակություններից գոնե 2-ը խախտել են միջազգային չափանիշներն ու սկզբունքները: Օրինակ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչները դեռ ժամը 12:00-ին հայտարարեցին, թե նորմալ ընթանում է հանրաքվեն, խախտումներ չեն արձանագրել: Նմանատիպ հայտարարությունն էլ արեց ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, մինչդեռ քվեարկությունը դեռ չէր ավարտվել»,- ասաց Սերգեյ Տկաչենկոն:

Փորձագետի խոսքով՝ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունն իրավունք չունի կարծիք հայտնելու գործընթացի մասին, ինչը նշանակում է՝ ապօրինություն են թույլ տվել:

«Վերջնական եզրակացությունը կտանք պատվիրակությունների բրիֆինգներից հետո միայն»,- նշեց Տկաչենկոն:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421 600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:

Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230 է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: