«Վերնիսաժի» գործով 6.5 տարվա ազատազրկման դատապարտված, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի դատավճիռը չի բողոքարկվել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իրենք վերաքննիչ բողոք չեն ներկայացրել:

Նշենք, որ այս գործով մյուս երկու ամբաստանյալների՝ Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի, փաստաբանները նույնպես բողոք չեն ներկայացրել:

Գոռ Առաքելյանի պատժի կրման սկիզբ է համարվում 2014 թ. մայիսից 18-ը, երբ նա ինքնակամ ոստիկանություն ներկայանալուց հետո ձերբակալվեց, Ներսես Մեքոնյանինը` 2014թ. հունիսի 6-ը, Վալերիկ Հովհաննիսյանինը` հունիսի 3-ը։

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):

Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):