ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կարող փաստել կեղծված հանրաքվեի մասին, քանի որ փաստեր չունի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանն` անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներին:

«Ես չեմ կարող փաստել կեղծված հանրաքվեի մասին, քանի որ ինքս էդ ընթացքին հետեւել եմ լրատվամիջոցներով: Ինձ համար շատ ավելի կարեւոր է, թե ինչքան արձանագրություններ կլինեն եւ դրանք ինչ կերպ փաստարկված կներկայացվեն, եւ եթե դրա արդյունքում էական լինի տարբերությունը, էդ դեպքում ես կարող եմ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են»,-ասաց նա:

Սարգսյանի խոսքով, ինքը հայտարարություն կարող է անել կեղծված հանրաքվեի մասին միայն այն դեպքում, երբ իր համար պարզ լինի, թե կեղծիքները որքանով են ազդել վերջնական արդյունքի վրա:

Մեր հարցին, անկախ վերջնարդյունքից արդյոք արդեն արձանագրված կեղծիքներն իրեն չեն անհանգստացնում, պատգամավորը պատասխանեց. «Ես ասում եմ` ինձ համար շատ կարեւոր է, որ այն փաստարկները, որ հավաքված են, կարողանան դա հիմնավոր ձեւով ձեւակերպել եւ ներկայացնել ու դրա արդյունքում տեսանելի լինի»:

Դիտարկմանը՝ եթե տեսանելի լինեն կեղծիքները, ի՞նչ են անելու նրանք, որոնք նախկինում խստորեն քննադատում, պայքարում էին ընտրակեղծիքների դեմ, իսկ հիմա իշխանության հետն նույն ճակատում են, ասաց: «Ընդդիմության իմ գործընկերներն ի սկզբանե բացառել են էդ գործընթացներին մասնակցությունը, երբ հայտարարեցին, որ ով հանդիպել է Սերժ Սարգսյանին, այլեւս գործ չունի այս ամեն ինչի հետ: Կեղծիքի դեմ պայքարի իրավունքը ես եմ որոշում, բայց թե ում հետ, դա շատ էական է: Ես հիմա էլ կողմ եմ նոր Սահմանադրությանը, բայց դա կապ չունի քվեարկության հետ»:

Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով` դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ «Այո» է քվեարկել 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը): Հանրաքվեին, նախնական տվյալներով, ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել, մասնակցել է 1 մլն 303 հազար 466 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Դա մոտ 9,5 տոկոսով պակաս է, քան 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցության թիվը: