Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը լրացուցիչ միջնորդություն է ներկայացրել:

«Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովին միջնորդել ենք, որ լրացուցիչ 9 հարց ներառվի, միջնորդությունը բավարարվել է, եւ հարցերն ուղարկվել են հանձնաժողովին: Հարցերը կապված են ոչ միայն Շուշանիկ Բախշյանի, այլեւ հերթապահ բժիշկներ Անի Բաբելյանի, Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ բաժնի վարիչ Սիրունյանի հետ: Մեզ հետաքրքրում է՝ ինչու հերթապահ բժիշկներն ու բաժնի վարիչը պատասխանատվություն չեն վերցրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Հարցին, թե ինչ սպասելիքներ կան հանձնաժողովից, փաստաբանն ընդգծեց, որ իրենք վստահում են փորձագետներին եւ կարծում են՝ օբյեկտիվ քննություն կընթանա. «Առողջապահության նախարարն այս գործում ներգրավվել է Հանրապետության լավագույն մասնագետներին, այդ թվում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր  Բիշարյանին եւ հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին»:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա: